27 мая 2012 г.

Մեր քաղաքի մարդիկ

Առցանց հարցազրույցը վարեցին Անի Թոփուզյանը և Արաքս Զուլալյանը


Անի-.Մեր ընթերցողների համար ներկայացեք խնդրեմ:
Հ. Ամիրյան -Հրաչյա Ամիրյան: Հոգեբան: Նաև գրքերի հեղինակ:

Արաքս-.Ինչո՞ւ որոշեցիք դառնալ հենց հոգեբան:
Հ. Ամիրյան -Դպրոցական տարիներին գիտությունը, ճանաչողությունը ինձ շատ էր ձգում: Որոշել էի գիտությամբ զբաղվել: Իսկ երբ վերջնական ընտրության ժամանակը եկավ, հասկացա, որ մարդուն ուսումնասիրելուց ավելի հետաքրքիր գիտություն չկա: Այդ էր պատճառը: Նաև` հոգեբանությամբ հետաքրքրվելն անձամբ ինձ համար է օգտակար եղել:
Անի-. Իսկ հոգեբանության ո՞ր ոլորտն եք ուսումնասիրում:
(Հ. Ամիրյան)-Անհատական հոգեբանությունը, զարգացման հոգեբանությունը, փոխհարաբերությունների հոգեբանությունը: Նշածս ոլորտների վերաբերյալ գործնական, կիրառական հոգեբանությունն ինձ համար առավել հետաքրքիր է և սրտամոտ: Այդ գործնական ոլորտները շատ սերտորեն կապված են նաև ուսուցման, կրթության և դաստիարակության հարցերին:
Արաքս-.Ձեր կարծիքով Հայաստանում ընդունվա՞ծ է հոգեբանին այցելելը:
Հ. Ամիրյան-Այո, շատ շատերն են դիմում և դա արդեն շատ սովորական երևույթ է դարձել: Եվ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, շրջաններում: Դրա մեջ մարդիկ ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում, և ամոթալի բան չկա: Հոգեբանը ճիշտ նույնպիսի մասնագետ է, ինչպես, օրինակ, իրավաբանը կամ բժիշկը, որը հատուկ գիտելիքներ ունի իր բնագավառում և օգնում է լուծելու որոշակի խնդիրներ:
Անի-. Դեպքեր եղե՞լ են, երբ դուք ինքներդ եք հոգեբանի կարիք ունեցել:
Հ. Ամիրյան- Հոգեբաննները նույնպես մարդիկ են և նույնպես խնդիրներ են ունենում: Բնականաբար, նրանք կարող են դիմել այլ հոգեբաններին: Ձեր տված հարցը նույնն է, թե՝ «Իսկ բժիշկներն իրենք այլ բժիշկների կարիքն ունենո՞ւմ են»: Բնական է, որ բժիշկները նույնպես կարող են հիվանդանալ և այլ բժիշկների կարիքն ունենալ:
Արաքս-. Իսկ այդպիսի դեպքերում կարողանո՞ւմ եք ինքներդ ձեզ օգնել:
Հ. Ամիրյան-Ներկա դրությամբ իմ խնդիրները լուծելու համար հոգեբան-գործընկերներիս դիմելու անհրաժեշտություն չեմ զգում: Այդ աստիճանի արտահայտված խնդիրներ չունեմ:
Անի- Բացի ֆինանսականից, ուրիշ օգուտ տալի՞ս են ձեզ ձեր գրքերը:
Հ. Ամիրյան- Գրքերի, ժողովածուների մասին կասեմ, որ շատ մեծ թվով դրական արձագանքներ եմ ստանում ընթերցողներից: Բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր, հաղորդագրություններ: Դրանց մի մասին կարելի է ծանոթանալ թեկուզ այդ գրքերի վերջում: Այդ ժողովածուների ճնշող մեծամասնությունը վերահրատարակվել է և դարձյալ սպառվել: իսկ դա հենց այնպես չի լինում:
Արաքս-. Իսկ դեռ չավարտած գիրք ունե՞ք:
Հ. Ամիրյան-  Հենց հիմա աշխատում եմ «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» գրքաշարի 10-րդ հատորյակի վրա: Շուտով կավարտեմ և կհանձնեմ հրատարակման: Զուգահեռաբար աշխատում եմ նաև դպրոցահասակ երեխաների համար նախատեսված, ուսանելի ժանրի մի ժողովածուի վրա: Այլ գրքերի մտահղացումներ և պլաններ նույնպես կան, բայց դրանց մասին դեռ մի քիչ վաղ եմ համարում խոսելը:
Անի-. Իսկ ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել ձեր գրքերը:
 Հ. Ամիրյան- Գրքերը կարելի է ձեռք բերել գրախանութներից: Դրանք կան վաճառքում:
Անի - Ֆեյսբուքի Ձեր էջից պարզեցինք, որ սեմինարներ եք անցկացնում, իսկ ձեր կարծիքով ի՞նչ արդյունք են տալիս սեմինարները:
Հ. Ամիրյան- Ավելի ճիշտ կլինի, եթե հարցնեք այդ սեմինարների մասնակիցներին: Նրանք երբեմն իրենց տպավորություններն են կիսում սեմինարների վերաբերյալ:
Սեմինարների մասին պատմող լուսանկարների ալբոմների տակ գրառումներ են կատարում:
Ինձ ևս անձնական հաղորդագրություններ են ուղարկում սեմինարներից հետո, որոնցում նշում են, թե որքան օգտակար են դրանք և շնորհակալություն են հայտնում:
-Շնորհակալություն զրույցի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ