14 июл. 2012 г.

Հեքիաթ մեծահասակների համար. Երջանկությունն ու Ցանկությունը

Ժուկով ժամանակով` մի մարդու մեջ ապրում են Երջանկությունն ու Ցանկությունը: Թվում էր`էլ ի՞նչ է պետք ապրելու ու ուրախանալու համար: Բայց Երջանկությունն ու Ցանկությունը ոչ մի կերպ չեն կարողանում իրար հետ յոլա գնալ: Երջանկությունը ոչ մի կերպ չի հասկանում Ցանկության կատաղի բնավորությունը, իսկ Ցանկությունը չի հասկանում` ընդհանրապես ինչ է պետք Երջանկությանը:

Երբ Ցանկությունը շատ փող է ուզում, որպեսզի մարդն ազատ ապրի, սկսում է նրան հարստանալու միջոցների փնտրտուքների դրդել: Իսկ այդ ժամանակ Երջանկությունը պարապ նստած է լինում տանը և ձանձրանում է: Կամ էլ Ցանկության խելքին փչում է գայթակղել մի գեղեցիկ կնոջ: Եվ ահա մարդն իր Ցանկության հետ միասին վազում է դեպի մարզասրահ, ուսումնասիրում է նոր մոտեցումներ`ինչպես անես, որ կանանց հարցում հաջողության հասնես և իհարկե գումար վաստակես: Եվ նորից Երջանկությունը գործի մեջ չի, նրա համար ժամանակ չկա: Ցանկությունն ամեն ինչ մարդու համար է անում, իսկ Երջանկությունն անընդհատ ինչ-որ բանից դժգոհ է:

Մի անգամ Երջանկությունն ասում է Ցանկությանը.

-Արի, հիմա էլ ես մարդու հետ զբաղվեմ, իսկ դու նստիր ու հանգստացիր: Եվ ես քեզ ցույց կտամ`իրականում ինչ է պետք նրան:
Այդպես էլ անում են: Մարդն իր սիրելի Երջանկության հետ վայելում է մաքուր օդը, աստղային երկինքը, ընկերների հետ հանդիպումները, սիրելի զբաղմունքները, և ոչինչ նրան հարկավոր չէ: Չէ՞ որ այսպես էլ է լավ:
Հիմա արդեն Ցանկությունն է նստած տանը, ձանձրանում է անգործությունից և զարմանում. «Ի՞նչ ես անում, Երջանկությո՛ւն: Ախր, դու այսպես մարդուն առանց գրոշի կթողնես, և ընդհանրապես, մի դրա երջանիկ կամ, ավելի վատ, թմրամոլի տեսքին նայիր: Ով ինչ օգուտ ունի սրանից: Շուտով իրեն էլ այս ամենը երջանկություն չի բերի: Իսկ ես մտադիր չեմ լռել»:
Այդ ժամանակ Երջանկությունն ու Ցանկությունը պայմանավորվում են հաշտություն կնքել, մարդու համար միասին ինչ-որ բան անել: Մտածում են տանել մարդուն առողջարանային գոտի: Ե՛վ Ցանկությունը տեղ ունի գնալու, և՛ Երջանկության համար է լավ: Դրանք հիանալի՜ օրեր էին: Վերջապես մարդու մեջ Երջանկությունն ու Ցանկությունը հաշտ էին ապրում: Բայց, հենց որ մարդը վերադառնում է հանգստից, ամեն ինչ նորից է սկսվում:
Այդ ժամանակ Երջանկությունն ու Ցանկությունը սկսում են մտածել, թե ինչ անեն: Միասին ամեն ինչ միայն կարճ ժամանակավոր է ստացվում: Իսկ առանձին ընդհանրապես ոչ մի լավ բան չի ստացվում: Այդ ժամանակ որոշում են, որ ամեն մեկն իր ձևով կլինի մարդու հետ, ոչ մեկ գլխավորը չպետք է լինի և չխանգարի մյուսին: Եթե Ցանկությունը այդքան ուզում է, թող նպատակներ դնի, կյանքի խնդիրներ լուծի: Մի խոսքով, թող մարդու արարքների համար պատասխան տա: Իսկ Երջանկությունը պատասխանում է մարդու ուրախության զգացումի, հաճույքի ու շնորհակալության համար, այն ամենից, ինչ մարդն ունի կյանքում: Բայց նրանք ապրում են ոչ թե միասին, այլ զուգահեռաբար:
Այսուհետ Երջանկությունը կախված չէ Ցանկությունից և ուղղակի միշտ մարդու հետ է, անկախ նրանից, թե ինչ և ինչպես է նա անում: Իսկ Ցանկությունը կախված չէ Երջանկությունից և անում է այն, ինչ անհրաժեշտ է մարդուն:
Այսպես էլ մարդու մեջ բնակվում է Ներդաշնակությունը: Բայց սա լրիվ ուրիշ պատմություն է:
Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ