21 мар. 2013 г.

Անցած ճանապարհ...


Ողջույն: Ես Արաքս Զուլալյանն եմ: Սովորում եմ Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանում: Արդեն հասկացաք՝ այս տարի ավարտում եմ դպրոցը: Ուզում եմ պատմել իմ, դպրոցում անցած ճանապարհի, սովորածի ու ձեռք բերածի մասին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եկել եմ 10-րդ դասարանում: Չնայած դպրոցում սովորել եմ երեք տարի, բայց տասներկու տարվա տեղը հանել եմ: Բացահայտել եմ ինձ համար նոր աշխարհ՝ նոր հետաքրքրություններով,  նոր ձեռքբերումներով:
Չգիտեմ՝ ինչքանով է ստացվել, բայց փորձել եմ պասիվ չլինել, շատ բան հասցնել անել: Շատ եմ լրագրությամբ զբաղվել: Հիշում եմ՝առաջին փորձս էլ արել եմ «Դարձ առ գիրք» փառատոնի ժամանակ: Ձայնագրիչը տվեցին ձեռքս, զարմացած նայեցի՝ չիմանալով , թե ինչպես են օգտագործում և ինչ անում դրանով: Բայց իհարկե այդպես անօգնական չմնացի: Ուսուցիչներն ու սովորողները միանգամից ինձ սկսեցին բացատրել ամեն ինչ: Միանգամից ոգևորվեցի, և այդ ոգևորվածությունը մնաց մինչև վերջ: Հետո բացվեց info.mskh ակումբը: Որոշ ժամանակ անց էլ դարձա դրա պատասխանատուն, բացի դրանից՝ դարձա կրթահամալիրի աշխատողը: Երբեք չեմ մոռանա իմ աշխատանքային մեկ տարին, որովհետև շատ բան է տվել ու սովորեցրել ինձ: Չեմ մոռանա, երբ առաջին անգամ ստացա իմ ձեռքերով աշխատած գումարը: Կրթահամալիրում ստացած այլ պաշտոնները ավելի ոգևորեցին ինձ: «Հանրակրթական Դիջիթեք 2012»-ին եղել եմ կազմկոմիտեի անդամ, լրացրել եմ մասնակիցների հայտը, լուսաբանել եմ առօրյան: Մեկ այլ դպրոցում այսքան բան չէր լինի, դրա համար երբեք չէի փոխարինի այս նշանավոր ու ինձ համար կարևոր երեք տարին ոչնչի հետ:  
Ամենակարևոր ձեռքբերումս համարում եմ բնավորությանս նոր գիծը՝ լինել նպատակասլաց, ծրագրել ու իրականացնել նպատակները, հասնել ավելիի ու ավելիի և երբեք կանգ չառնել: Դե, մի շարք բարդույթների հաղթահարման մասին էլ չեմ ասում: Գիտեք, որ մեր դպրոցը ստեղծված է հատուկ դրա համար:
Կփորձեմ չտխրել, դժվարությամբ կստացվի, բայց կփորձեմ, որովհետև իրականում այն ինչ ունեցել եմ,  երջանիկ ու հպարտ լինելու առիթ է: Այն ինչ ստացել եմ կրթահամալիրում, ինձ հետ կտանեմ մինչև վերջ:
Ձեր մի մասնիկը կտանեմ իմ մեջ ու իմ սրտում:
Խոստանում եմ՝ շուտ-շուտ կայցելեմ, կարոտը հաստատ զգացնել կտա:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ