1 нояб. 2013 г.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ


Ողջույն, արդեն կներկայանամ որպես ուսանող ու մի քիչ էլ կպատմեմ ուսանողական գործունեության մասին:
Նոր միջավայր, նոր շփումներ, նոր գիտելիքներ ու փորձ: Այս ամենը ինքնին ենթադրում է նոր ապրելաձև: Կյանքի այն փուլն է, որ պետք է օգտվել այս ամենից, ավելի շատ բան ստանալ ու ձեռքբերումների հասնել: Ինչևէ, անդրադառնամ բուն թեմային:

Ես Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության թարգմանչական բաժնի 1-ին կուրսի ուսանող եմ: Վերջերս համալսարանում  երկօրյա գիտաժողով կազմակերպվեց «Թարգմանությունը գիտական ուսումնասիրության առարկա և միջմշակութային փոխներթափանցման միջոց» թեմայով, որի ընթացքում քննարկվեցին թարգմանչական գործի արդի խնդիրները, առաջարկվեցին դրանց լուծմանն ուղղված տարբերակներ: Հանդես եկան մի շարք դասախոսներ, ովքեր բացահայտեցին թարգմանչության մի շարք գաղտնիքներ: Կարծիք հնչեց, որ թարգմանչական գործը բարդ է. այն նաև տեքստի մեկնաբանությունն է, որն ուղիղ կապի մեջ է թարգմանողի աշխարհայացքի, ընկալման հետ: Բացի այդ՝ ասվեց, որ թարգմանության շնորհիվ կարող ենք ներկայացնել մեր մշակույթը, ծանոթանալ այլ ազգերի ձեռքբերումներին:
Խոսվեց նաև  թարգմանչական էթիկայի մասին, որն ինձ շատ հետաքրքրեց: Մի քանի օրինակներ նշեմ, որ թարգմանիչը պարտավոր է իմանալ (խոսքը համաժամանակյա թարգմանչի մասին է):

·         Կարևոր է տվյալ խոսողի և թարգմանչի միջև հեռավորության պահպանումը:
·         Թարգմանիչը պետք է իմանա, թե որքան ժամանակ անց պետք է սկսի թարգմանել, երբ տվյալ անձը ավարտի իր խոսքը: Ամեն ազգ ունի իր մտածելակերպը և մոտեցումները: Օրնակ, ամերիկացիները նախընտրում են, որ թարգմանիչը անմիջապես սկսի իր թագմանությունը: Իսկ Ճապոնացիները ցանկանում են, խոսքը թարգմանվի առնվազն երեք վայրկյան դադարից հետո:
·         Հայացքը նույնպես մտնում է թարգմանչի էթիկայի մեջ: Որոշ ազգերի ներկայացուցիչներ պահանջում են, որ թարգմանիչը նայի ուղիղ իրենց աչքերի մեջ, ոմանք ցանկանում են, որ թարգմանիչը մերթ ընդ մերթ նայի իրենց աչքերին, ոմանք էլ ընդհանրապես դա համարում են անհարգալից վերաբերմունք, և թարգմանիչը կամ պետք է նայի իրենց պարանոցին, կամ էլ ոտքերին:
Ինչ վերաբերում է գրավոր թարգմանությանը, բերվեցին տարբեր օրինակներ տարբեր լեզուներից, որտեղ բառացի թարգմանությունը ուղղակի ծիծաղելի էր ստացվում և ամեն լեզվում գտնվել էր համարժեքը:


Այսպիսով՝ ասեմ, որ թարգմանությունը և՛ գիտություն է, և՛ մեծագույն արվեստ, և՛ հաղորդակցման միջոց:  

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ